вторник, 3 декабря 2019 г.

«Ինքնակենսագրական»․


Փոքրամարմին Մեծ Մարդը (նկ․1) պապս է՝ Տիգրան Հարությունի Գրիգորյանը, ում անունը Հայրս է (Ստեփան, նկ․2) «բրոնյա» արել ինձ համար։ Մեծատառով այս երկու Մարդկանց հետ բառային երկխոսություն շատ քիչ եմ ունեցել, խորքային իմաստով՝ կարելի է ասել, որ չեմ էլ ունեցել, ու պատճառը բնավ նրանց ֆիզիկական բացակայությունը չէր, բայց արդեն նաև դրանում է։ Սակայն ինչքան խորանում եմ (ինքնա)ճանաչողության մեջ, այնքան բացահայտում եմ գենետիկ, ապա, նաև, հոգևոր-էներգետիկ «զրույցը» նրանց հետ՝ համոզվելով, որ նրանք ոչ միայն ճանաչողությանս կողմնորոշումն են սահմանել (իրենք էլ պատկերացում չունենալով մեջբերածս տերմինների մասին), այլ՝ հանդիսանում են դրա ակունքը։ Գրականությանն արժանի շատ ու հետաքրքիր պատմություններ չկան նրանց հետ կապված (համենայն դեպս ինձ հայտնի), և սա էլ չի հավակնում լինել, բայց մի քանի պարզ հիշողություններ անմոռանալի արմատացած են։
Հորս մեկ խրատը «Ինչ ուզում ես արա՝ քեզ բացարձակ ազատություն, բայց իմ դուռը չթակեն ո՛չ շտապ օգնությունից և ոչ էլ ոստիկանությունից» («Խառնարան» 34), ապա «Սեփական օրինակով դաստիարակությամբ՝ հայրս, ապրելուց զատ և դրանից առավել, սովորեցրեց, թե ինչպես է պետք ընդունել մահը՝ հարկադրանքի փոխարեն իբրև իրավունք, այդ կերպ, միաժամանակ, դառնալով իմ ճանաչողության առանցքային ճշմարտություններից մեկի («Ամեն» 3) առաջին իրացնողը, որպես առաջին՝ հավերժ ՄԵԿը:» («ես սեր եմ, մնացածը ես չեմ» §Թեոսոֆիա 232)։

Պապս անցել է համաշխարհային պատերազմով, գերության միջով, որտեղ էլ, սակայն, իր մաքրությամբ հասցրել է արժանանալ նաև «նեմեցի» հարգանքին՝ թշնամուց սնունդ գողանալու հնարավորությունից չօգտվելու համար, ապա նաև վերապրել է արցախյան գոյամարտի զրկանքները և հերոս որդու (Եգոր, նկ․3) զոհվելը, ով ևս գենետիկորեն առանցքային հետք է թողել ինձ վրա։ Պապս աշխատասեր էր, նրա էշը հանդից երբեք առանց բեռ տուն չէր գալիս, բացառությամբ հազվադեպ դեպքերի, երբ քեֆը լավ էր ու էշը պետք է բերեր «կայֆած» տիրոջը։ Նրա մեկ խորհուրդը բոլորին, հատկապես բանակ գնալուց առաջ, հետևյալն էր՝ չծխես, պապրոսը հացի հետ կփոխես։ Ամբողջ դառը կյանքում ինքը երբեք չի ծխել, բայց բացառապես բոլոր որդիներն ու թոռները (ես էլ բնականաբար) արել ենք ճիշտ հակառակը՝ չենք կերել, որ ծխենք։

Բայց ամենակարևորը պապուս ուշունցներն են, որոնց մասին մինչ օրս հիշում են, ընդ որում՝ հիշում են բարությամբ և հումորով։ Ցանկացած իրավիճակի նա կարող էր արձագանքել «նախշելով», բայց հատուկ հոգևոր նրբությամբ դրանում՝ հասցեատերն արժանապատվության կորուստ չէր ունենում՝ անկախ բառերի սեռական «ծաղկաբույլից», օրինակ՝ նա կարող էր «դնել» Անուշի ականջի խոռոչում, ով համարձակվել էր նրան կտրել խոտհարքից՝ ականջի քորից գուշակելով, որ անձրև է գալու և չսխալվելով։

Ինչևէ, կարճ ասած, իմ փիլիսոփայական կոնցեպցիայի ակունքը պապիս մաքուր սրտից բխած բազմահարկ ուշունցներն են՝ ուղղված գոյին, իսկ միաժամանակ դրա մասին ցավագին խորհելը՝ մյուս երկու ՄԵԿ-երիս «լռությունը» ․․․

Էնիգմա՜, на…уй      


                                    
                                                                                
                                                                                                                 
                                                                                                        
                                                             
                                                                                                         


Комментариев нет:

Отправка комментария

Այո, յուրաքանչյուրը խորքում ունի հրաշալին, զարմանալին, աստվածայինը, բայց անտանելի է ամեն անգամ լինել գերեզմանափոր՝ դա տեսնելու, իրենց էլ ...